Skip to main content

Դատավորների ու Փաստաբանների պալատի խորհրդի կասկածն ու վախը

 

  1. Մինչև 2017 թ. դեկտեմբեր ամիսը նիստերը տեսանկարահանելու կամ ԶԼՄ-ների ներկայության խնդիր չկար: Սահմանափակումներն առաջացան այդ պահից, քանի որ իշխանության պատվերով պալատում սկսվում էր լայնածավալ պատժամիջոցների շրջան՝ դեռևս 2017 թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին սանկցիայի ենթարկված փաստաբանների նկատմամբ (դեկտեմբերից մինչ օրս պալատի խորհրդի նիստերի օրակարգերը դրա վառ ապացույցն են):
  2. Փաստաբանների նկատմամբ սանկցիաների առյուծի բաժինը «պարգևել» է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, մեծ «ավանդ» ունի նաև դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: Նրանք համաձայնություն չտվեցին պալատում նիստերի հրապարակային անցկացման համար: Այս պարագայում պալատի և դատավորների կարծիքը «պատահականորեն» համընկավ:
  3. Պալատի խորհուրդն իր վարքով և ակտիվ գործողություններով մոռացավ, որ իր միակ գերակա գործառույթը փաստաբանին աջակցելն ու պաշտպանելն է: Հակառակ դրան, խորհուրդը սկսեց անհնազանդ փաստաբանների մասսայական հետապնդում՝ ուղղակիորեն դառնալով այդ գործին լծված դատարանների, դատախազության, ոստիկանության աջակիցը (նկատեք, որ հենց այս մարմիններում են խախտվում մարդու իրավունքները):

Դատավոր Հ. Ավագյանը, ով ևս քաղաքական դատավարության ընթացքում դատական սանկցիայի էր ենթարկել փաստաբանին, չառարկեց խորհրդի նիստի հրապարակային անցկացմանը: Ի տարբերություն նրա՝ նույնանման փաստական հանգամանքների պայմաններում դատավորներ Գաբրիելյանն ու Գրիգորյանը դեմ եղան:

Պալատի խորհուրդը այդ եզակի դեպքով նիստը ստիպված անցկացրեց հրապարակային (դեկտեմբերից հետո սա եղել է միակ նկարահանված նիստը):

Պալատի նիստերը կարելի է ձայնագրել, բայց ոչ նկարահանել: Հետևաբար ի՞նչ են թաքցնում կամ գուցե պաշտպանում պալատում, երբ արգելում են նիստի նկարահանումը: Թաքցվում կամ գուցե պաշտպանվում են թերևս նիստի մասնակիցների դեմքերն ու դրսևորած վարքը: Գուցե թաքցվում է այն, որ նիստը անց է կացվում փոփոխական կազմով:

Իսկ ի՞նչ են ցանկանում թաքցնել դատավորները, սա արդեն այլ հարց է: Օրինակ, երբ դատավորներ Ա. Գաբրիելյանը և Տ. Գրիգորյանը համաձայնություն չեն տալիս նիստերը նկարահանելու համար, նրանք ինչի՞ց են վախենում կամ խուսափում, չէ՞ որ փաստաբանին սանկցիայի ենթարկելու որոշումը հրապարակել են դատարանում, հրապարակային: Կասկածու՞մ, թե՞ վախենում են, որ իրենց որոշումը մերկացվելու է խորհրդի նիստի ժամանակ. ԱՅՈ՛, կասկածում և վախենում են միաժամանակ: Այս կասկածներն ու վախն ունեն նաև խորհուրդը՝ դրանով իսկ դառնալով կախյալ և անդեմ կառույց:

Պաշտոններ զբաղեցնող տիկնա՛յք և պարոնա՛յք, համոզված եղեք, որ ապօրինության ու կեղծիքի դեմ պայքարելու և ընդվզման ոգի ունեցող որևէ մեկը չի ընկրկելու: Ձեր կասկածն ու վախը ձեր թուլությունն են:

Արայիկ Պապիկյան

Փաստաբան

Հելսինկյան ասոցացիա ՀԿ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով